ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի` տրանսպորտային համակարգի սպասարկումը միայն «TelCell» ընկերությանը վստահելու որոշումը, կոռուպցիոն մեխանիզմ է պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Մի հայտնի նախկին պատգամավոր ասում էր՝ կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չի՞, էս ա։ Հիմա ակամայից հիշում եմ այս խոսքերը»,- ասաց Պիպոյանը։
Նա խնդիրներ ու խախտումներ է տեսնում տրանսպորտային համակարգի փոփոխության բոլոր փուլերում։ Խնդիրը, ըստ Պիպոյանի, պատկան մարմինների անտեղյակությունն է։ Բացառություն չէ նաև տրանսպորտի վճարային համակարգը, որն արդեն իսկ սկսել է իր ընթացքը բազմաթիվ խախտումներով։
««TelCell» ընկերությունն անգամ սահմանափակում է բանկերի հետ աշխատանքը, այսինքն` ոչ բոլոր բանկերի քարտերն են, որ կարող են կցվել համակարգին։ Սա արդեն խախտում է։ Հիմա շատ ու շատ մարդիկ իրենց բանկային քարտերը կցել են հեռախոսին ու այդպես են վճարում, «TelCell»-ը պետք է ապահովեր նաև այդ հնարավորությունը, բայց չէ, չի կարող այդպես, որովհետեւ ուղղորդված է ամեն ինչ»,- ընդգծեց Պիպոյանը։
Մասնագետը նաև կասկածի տակ է դնում մրցույթը, որում տրանսպորտային համակարգի սպասարկման թույլտվությունը ստացել է «TelCell» ընկերությունը։ Քաղաքապետարանը, ըստ նրա, նախապես պետք է պահանջներ դներ ընկերության առաջ՝ ապահովելու բոլոր մեխանիզմները, իսկ եթե ոչ մի ընկերություն չէր կարող դա անել, գործընթացը պետք է հետաձգվեր։
«Քաղաքապետարանը ամեն ինչ անում է մարդկանց կյանքն ավելի բարդացնելու համար։ Սա զուտ անփույթ կառավարման հետևանք է։ Երբ որոշումները կայացնում են ոլորտից անտեղյակ մարդիկ, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր»,- ասաց Պիպոյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 1-ից Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Նույն օրը պարզ դարձավ, որ քաղաքացիներից շատերը պատրաստ չէին այս փոփոխությանը և չունեին 100 դրամանոց մետաղադրամ ու ներբեռնած հավելված։ Շատ դեպքերում վարորդները նրանց ընդառաջում էին և գումար չէին վերցնում, քանի որ փող վերցնելու իրավունք չունեն։
Նշենք, որ «TelCell»–ը Երևանի տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։