Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ):
Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:
Հիշեցնենք` Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում: Նա երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել փոխչեմպիոնի կոչմանը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Լեհաստանում։