Կիրակոսյանը կարող էր ընդվզել, այդ պատճառով էլ Գալյանին են նախարար ընտրել. ԶԼՄ

Եղիշե Կիրակոսյան
Լրատվամիջոցը գրում է, որ Եղիշե Կիրակոսյանը նախարար դառնալու դեպքում կարող էր ընդվզել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը արդարադատության նախարար չի ընտրվել իր և իշխանության մոտեցումների միջև լուրջ հակասությունների պատճառով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի` իշխանության ներսում ոմանք ապշած են, թե ինչու Եղիշե Կիրակոսյանը չդարձավ արդարադատության նախարար։ Պարբերականի տեղեկություններով` ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության ժամանակ Կիրակոսյանը, որը 2 տարի արդարադատության փոխնախարար է աշխատել, զրո ձայն է ստացել։
«Վարչության դիրքորոշումից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը միայն հլու հպատակներին է հանդուրժում, իսկ Կիրակոսյանը կարող էր նաև ընդվզել, օրինակ` միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում»,– գրում է «Հրապարակը»:
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ իր նկատմամբ վերաբերմունքից խոցված է նաև ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որին անձամբ Նիկոլ Փաշինյանն էր առաջադրել: Սարգսյանի օգտին 3 ձայն է գրանցվել, Գագիկ Ջհանգիրյանին կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանը և Վաղարշակ Հակոբյանը:
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նախարարի թեկնածուի տևական փնտրտուքներից հետո հոկտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։