Գայլերը կրկին «գրոհել են» Գեղարքունիքը. Նորատուսում գոմից 30 գառ է կորել

Գյուղացիներն ահազանգել են Գեղարքունիքի մարզպետարան, խնդրի մասին տեղյակ են նաև ոստիկանությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը սովորույթի համաձայն մտել է անասնագոմ, որպեսզի գառներին խնամի, սակայն ականատես է եղել, որ գոմից մոտ 30 գառ պակասում է:
«Վարկերով վերցրել, ընկերոջս հետ պահում էինք, երբեք նման բան տեղի չէր ունեցել: Ինչպես միշտ, առավոտյան մտա գոմ, որ զբաղվեմ գառների խնամքով, ու մնացի ապշած. գառների մեծ մասը չկար: Դրսում հայտնաբերեցի 4 հատին սատկած, իսկ մնացածին էլ սկսեցինք փնտրել գյուղի բնակիչներով, հարազատներով, 20 հատից ավելին մեր գոմից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերել էին գազալցակայանի աշխատակիցները, ովքեր մեզ տեղակացրին, ու գնացինք, բերեցինք»,–կայքին պատմել է Էդիկը:
Նա նշել է, որր ընդհանուր 28 հատը չկան: Մեկին գտել են դաշտում՝ ամբողջությամբ հոշոտված: Ահազանգել են Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից եկել, նկարել, տեղում ծանոթացել են իրավիճակին, բայց դեռ չգիտեն` օգնություն կստանան, թե չէ։
7-8 միլիոնի վնաս է հասցվել. Շատվանի վարչական ղեկավարը՝ գայլերի հարձակման հետևանքի մասին
Խնդրի մասին տեղյակ են նաև ոստիկանության Գավառի բաժնում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ի առավոտյան գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրեն պատկանող անասնագոմ, սատկած էր հայտնաբերել 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին: