ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Պաշտոնաթող սպաները կկարողանան վերադառնալ ծառայության և միաժամանակ կշարունակեն կենսաթոշակ ստանալ։ Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Օրենքի նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 77 պատգամավորները կողմ քվեարկեցին փաթեթին։ Քվեարկությանը մասնակցում էին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունները։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակներն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նրա տեղակալ Արմեն Խաչատրյանն են։ Հիմնավորմամբ խնդիր է դրված զինված ուժերում ներգրավել փորձառու և արհեստավարժ զինվորականների։ Պետությունը կշարունակի նրանց կենսաթոշակ վճարել ստաժի տարիների համար։
«Այս օրենքը վերաբերում է այն զորամասերին, որտեղ կադրային ռեսուրսի համալրման հրատապ խնդիր կա»,- նախագծի ներկայացման ժամանակ ասաց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ զորամասերի ցանկը հրապարակային չի լինելու։
«Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է սահմանային զորամասերին և կարևորություն ունեցող հատուկ զորամասերին, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասեր։ Մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտի, ՀՕՊ, հետախուզության մասնագետները, այսինքն՝ մարդիկ, որոնք ունեն գիտելիք, փորձ և արագ կարող են համալրել ԶՈւ շարքերն ու իրենց նպաստը բերել»,- ասաց Պապիկյանը։
Պայման է նաև, որ նշանակումը պետք է լինի ոչ ավելի, քան փոխգնդապետի կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում։ Կադրերով համալրվելու կարիք ունեցող զորամասերի ցանկն անընդհատ թարմացվելու է։
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ինչ է արվում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում կորուստների դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։ Պատգամավորը մատնանշեց, որ այս տարի արդեն 39 կորուստ է եղել ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում։
«Մեր մարտահրավերն են ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը, սպանությունների դեպքերը, որոնց ուղղությամբ էական աշխատանք է տարվում»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ այս նախագիծն էլ նաև դրան է ուղղված՝ որակյալ սպաներով համալրել զինված ուժերը, որով պետք է բարձրացվի նաև զորամասերում վերահսկողությունն ու կարգապահությունը, ինչը նաև կբերի նման ցավալի դեպքերի նվազման։
«Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ինչ է լինելու այն սպաների հետ, որոնք կենսաթոշակի էին անցել, այնուհետև վերադարձել են զինվորական ծառայության։ Գործող օրենսդրությամբ` ծառայության վերադառնալուց հետո նրանց կենսաթոշակը դադարեցվել է։ Օրենսդրական նախագծի հեղինակներից Արմեն Խաչատրյանը նշեց՝ օրենքը հետադարձ ուժ չունի, բայց առաջարկեց հարցը քննարկել այսօր ավելի ուշ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։