ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Չերկեսկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 11 մարդ, փլատակներից դուրս է բերվել երեք մարդ։ Այս մասին հայտնում է շրջանի արտակարգ իրավիճակների պետական վարչության Telegram-ալիքը։
Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են փլատակների մաքրումը հատուկ տեխնիկայի միջոցով։ ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ապամոնտաժում են 4-րդ և 5-րդ հարկերի միջև ընկած հատակները։
Չերկեսկի բնակչուհին, որի տունը գտնվում է գազի պայթյունից տուժած շենքի դիմաց, ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ վաղ առավոտյան արթնացել է պայթյունի ձայնից, իրենց շքամուտքում կոտրվել են պատուհանները։
«Մենք ապրում ենք դիմացի տանը։ Դեռ առավոտվա վեցը չկար, պայթյունը շատ ուժեղ էր։ Արթնացանք աղմուկից։ Տեսնեմ` բնակարանի երկաթե կողպեքը պոկվել է, դուռը բաց է, շքամուտքի ապակիները կոտրվել են, մոծակների ցանցերն են ընկել»,- պատմել է կինը։
Նշվում է, որ շենքից տարհանվել է 52 մարդ, դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 195 մասնագետներ՝ 42 միավոր տեխնիկայի կիրառմամբ։
Վարչությունից հավելել են, որ տեղում արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ է կազմակերպվել։