Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ «Կարմիր արծիվներ» շարժման անդամները ներխուժել են խաղադաշտ և պահանջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Խաղն ընդհատվել է, քանի որ երկրպագուները խաղադաշտ են մտել «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։