Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 56-ամյա բնակիչը պայթեցրել է հարևանի ավտոտնակն ու վնասել ավտոմեքենան, նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին։ Քննիչները պարզել են, որ 56–ամյա բնակիչը պայթուցիկ նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել այն` քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի՝ 4.500.000 դրամի վնաս: Վնասվել է ոչ միայն ավտոտնակը, այլև այնտեղ կայանված «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի բնակիչները հողային վեճի պատճառով երկար տարիներ գտնվել են անբարյացակամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56–ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:
«Դրանից բացի, վերջինս բռնություն է գործադրել հարևանի նկատմամբ։ Թեև այդ առնչությամբ քրեադատավարական համապատասխան ընթացակարգով նրանք հաշտվել են, բայց անբարյացակամ հարաբերությունները շարունակվել են հողային վեճի հետ կապված դատական գործընթացի պատճառով»,– նշվում է ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 56–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նախաքննությունը շարունակվում է: