2024 թ. 9 ամսում դատարան ուղարկված գործերի նվազում կա. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Սասուն Խաչատրյան
Սասուն Խաչատրյան
Սասուն Խաչատրյանի խոսքով` դատարան ուղարկված գործերի նվազումը հիմնականում պայմանավորված է հանցանք կատարած անձի կողմից գործուն զղջալու հիմքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2024 թ. 9 ամսվա տվյալներով` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննություն է իրականացրել 1896 քրեական վարույթով, ինչը 419–ով շատ է 2023 թվականի ցուցանիշից (1477 վարույթ)։ Աճը կազմել է 24,8 տոկոս։ ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նրա խոսքով` քրեական վարույթով ավարտված վարույթների քանակը աճել է 266–ով կամ 73.3 տոկոսով։
«Մեր աշխատանքի արդյունքը, արդյունավետությունը հենց ավարտված վարույթներն են։ Մենք նաև շատ ենք կարևորում դատարան ուղարկված գործերը»,– նշեց Խաչատրյանը։
Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործն գցել են առաջին պատահած դատարանի գրպանը․ Քոչարյան
Նա տեղեկացրեց, որ 2024 թ. 9 ամսում կոմիտեն դատարան է ուղարկել 250 անձի վերաբերյալ 114 քրեական վարույթ, որը նախորդ տարվա ցուցանիշից շատ է 20–ով կամ 15 տոկոսով։ Նրանցից 21–ի վերաբերյալ, Խաչատրյանի խոսքով, մեղադրական եզրակացություն է կայացվել, մնացած գործերն այս պահին գտնվում են դատալսումների փուլում։
Ի դեպ, 2023 թ. 9 ամսում դատարան է ուղարկվել 169 գործ, որից 73–ով մեղադրական դատավճիռ է կայացվել, իսկ 84–ը գտնվում են դատական քննության փուլում։
«Այս տարի դատարան ուղարկված գործերի նվազում ունենք։ Դա չի խոսում այն մասին, որ մեր արդյունավետությունն է նվազել, քանի որ այս տարի ունեցել ենք ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի աննախադեպ աճ։ Այս հիմքով կարճվել են հիմնականում ոչ մեծ ու միջին ծանրության քրեական վարույթները։ Աճը կազմել է 351 տոկոս։ Այս գործերը վերաբերում են այն անձանց, որոնք գործուն զղջացել են։ Սա երկակի ընկալման կարող է բերել. մարդը, ըստ էության, հանցանք է կատարել, սակայն գործուն զղջալու հիմքով ազատվել է»,– նշեց Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ անձին ազատելով գործուն զղջալու հիմքով` բավականին թեթևանում է և՛ դատախազների, և՛ դատավորների ծանրաբեռնվածությունը, միաժամանակ հակակոռուպցիոն կոմիտեին թույլ է տալիս ավելի մեծ ռեսուրս ներդնել ավելի լուրջ գործերի քննության համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերը բարձր են, բայց թափուր հաստիքներ կան. Խաչատրյան