Հոկտեմբերյան երեք ընտրություններ, որոնցից հետո երեք երկրներում էլ ապագան մնաց անորոշ

Հրաշագեղ այս հոկտեմբերի վերջին տասնօրյակում ընտրություններ կայացան Հայաստանից ոչ հեռու գտնվող երեք պետություններում՝ Մոլդովայում, Վրաստանում և Բուլղարիայում, բայց դրանք չցրեցին անորոշության մշուշը։
Sputnik
Քաղաքագետներն առաջվա նման դժվարանում են կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ երեք երկրներում կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Մոլդովայում ընտրություններն ընդհանրապես չեն էլ ավարտվել, և նոյեմբերի 3-ին գործող նախագահն այնտեղ երկրորդ փուլում կմրցի ընդդիմադիր թեկնածուի հետ։ Վրաստանի խորհրդարանի ընտրություններն ամենևին չմեղմացրին լարվածությունը, քանզի ընդդիմությունը կտրականապես չի ընդունում իր պարտությունը և պնդում է, որ իշխանությունները պարզապես գողացել են հաղթանակը։ Բուլղարիայում էլ բոլորովին պարզ չէ՝ արդյոք կիրակնօրյա ընտրություններով ավարտվե՞ց արդեն չորրորդ տարի տևող անվերջ թվացող ընտրական մարաթոնը, թե՞ շատ շուտով քաղաքացիներին կրկին կհրավիրեն ընտրատեղամասեր։
Անկանխատեսելի իրավիճակ. պարզվում է` մոլդովացիներն այնքան էլ չեն ուզում մտնել Եվրոպա
Երևի գիտեք, որ երեք երկրներում էլ ընտրությունների առանցքը արտաքին կողմնորոշումն էր։ Այո′, նույնիսկ Բուլղարիայում, որն ի տարբերություն Մոլդովայի և Վրաստանի՝ արդեն վաղուց՝ 2007 թվականից, Եվրամիության անդամ է։ Այդ եվրոպական կառույցի նկատմամբ վստահությունը Բուլղարիայում այժմ նվազել է մինչև 42 տոկոս։ Պատճառը հասկանալի է՝ սպասելիքները շատ մեծ էին, ինչպես հաճախ է պատահում այն երկրներում, որոնց իշխանությունները տևական ժամանակ միայն վարդագույն թվեր ու տվյալներ են հրամցնում հանրությանը, որը շոշափելի փոփոխություններ չի տեսնում։ Եվ հետզհետե մարդիկ սկսում են իրենց միակ հույսը կապել դրսի գործոնների հետ՝ ա′յ, կմտնենք Եվրամիություն և վերջապես կապրենք գերմանացիների և դանիացիների նման։ Այնինչ, միջին աշխատավարձը Բուլղարիայում մինչև հիմա էլ ամենացածրն է Եվրամիությունում։
Իրենք՝ բուլղարացիները, կատակում են՝ հա′, ինչ անենք, որ աշխատավարձի չափով հակառեկորդակիր ենք, փոխարենը ռեկորդակիր ենք ընտրությունների թվով. ողջ աշխարհում դեռ ոչ մի պետություն երեք ու կես տարում 7 ընտրություն չի անցկացրել։ Եվ դա, ինչպես ասում են գովազդային հոլովակներում, դեռ ամենը չէ՝ ըստ Gallup-ի, Բուլղարիայի քաղաքացիների ընդամենը 10 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում։ Լրատվամիջոցներից մեկը գրում է. «Դուք ժողովրդին հարցրեք, և մարդիկ ձեզ կասեն, որ ձայներն արդեն «ընդամենը մի գավաթ գարեջրով ու մի շիշ քաբաբով» կարելի է գնել»։
Այս ամենի հետևանքով ընտրողները չեն էլ գալիս ընտրատեղամաս։ Եթե 2021 թվականին մասնակցությունը գոնե 50 տոկոս էր կազմել, ապա այս վերջին՝ հուլիսյան ընտրությունների ժամանակ, քվեարկել էր ընտրողների ընդամենը մեկ երրորդը։ Մարդիկ բացեիբաց ասում են՝ լավ, որքա՞ն կարելի է քվեարկել նույն քաղաքական ուժերի և գործիչների օգտին, որոնք չեն կարողանում կառավարություն կազմել և միանգամից էլ նոր ընտրություններ են նշանակում։
Չի բացառվում, որ Բուլղարիայում նույնը կատարվի նաև այս վերջին՝ կիրակնօրյա ընտրություններից հետո։ «Ջոկեր» չկա. ասում են մարդիկ և բացատրում՝ գրեթե չորս տարվա ընթացքում այդպես էլ չհայտնվեց մի նոր անսպասելի ուժ կամ անհատ, որն ունակ կլիներ հաղթելու և իր հետևից կտաներ հներից հոգնած բուլղարացիների մեծ մասին։ Համաձայնե′ք, կարծես, Հայաստանի մասին ասված լինի՝ «ջոկեր չկա»։
Բայց ամենապարադոքսալ և ամենամտահոգիչ հետընտրական իրավիճակն, իհարկե, ստեղծվել է Վրաստանում։ Եթե թույլ տաք, մի համեմատություն անեմ Հայաստանի և Վրաստանի միջև. ախր, շատ նման ենք։ Երեք տարի առաջ՝ խորհրդարանի 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը համոզված էր, որ կհաղթի, թեև ամենևին պարզ չէ, թե ինչու։ Ի վերջո, գործող իշխանությունը 54 տոկոս քվեներով պահպանեց մեծամասնությունը խորհրդարանում։ Վրաստանի այս ընտրությունների նախօրեին իրենց ընդդիմությունն էլ էր համոզված, որ կհաղթի։ Բայց գործող իշխանությունը շահեց ձայների 54 տոկոսը և պահպանեց մեծամասնությունը պառլամենտում։ Նմա՞ն է։ Շարունակենք։
Ուզո՞ւմ եք դառնալ միլիոնատեր. շտապե′ք. ԱՄՆ-ում ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր
Ի՞նչ արեց այն ժամանակ Հայաստանի ընդդիմությունը։Թվում էր, թե փորձառու ընդդիմադիր գործիչները պիտի նստեին մի սեղանի շուրջ, գլուխ գլխի պիտի տային, մանրակրկիտ վերլուծեին պարտության իրական պատճառները և մշակեին հեռահար ծրագիր, որով հնարավոր է հաղթել ապագայում։ Դրա փոխարեն, հարահավաքների և քայլերթների ընթացքում անվերջ հնչեցվում էին նույն հակակառավարական կարգախոսները, իսկ խորհրդարանում բոյկոտի բավական տարօրինակ տարբերակ էր կիրառվում՝ ասենք, ինչ-որ կարևոր հարցի շուրջ թեժ քննարկում ծավալել հանձնաժողովում, բայց այդ նույն օրինագծի քվեարկության ժամանակ բացակայել նիստերի դահլիճից։
Ախր, պայքարի այս բոլոր լեգիտիմ ձևերը քաջ ծանոթ են Վրաստանի ընդդիմադիրներին, որոնք նույնպես դրանք մշտապես կիրառել են վերջին տարիներին։ Ու նույնպես որևէ շոշափելի արդյունքի չեն հասել։ Կա, իհարկե, իշխանափոխության մի տարբերակ, երբ նա, ում հրաժարականն ես պահանջում, բոլորի համար անսպասելի ասում է՝ «Այո′, դու ճիշտ ես, ես սխալվեցի»։ Բայց նախ, նման բան շատ հազվադեպ է պատահում։ Եվ ամենակարևորը՝ բոլորովին միանշանակ չէ, որ դրա հետևանքները բարեբեր են լինում երկրի համար։