Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 4,9 տոկոսով. նախարար

Գործազուրկներ. արխիվային լուսանկար
8 ամսվա տվյալներով՝ մեր երկրում միջին ամսական աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Ընթացիկ տարվա 8 ամիսներին (հունվարից օգոստոս) Հայաստանում վարձու աշխատողների թիվն ավելացել է 4,9 տոկոսով, նույն չափով էլ նվազել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս տվյալները հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` չհրապարակելով գործազուրկների թիվը։
Նա նշեց, որ դրական զարգացումներ կան աշխատանքի շուկայում։ Նշված ժամանակահատվածի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով։
«Պետական հատվածում աճել է 10, 1 տոկոսով, մասնավորում՝ 5,4 տոկոսով։ Իրական աշխատավարձը՝ 0,1 տոկոս գնանկման պայմաններում աճել է 6,7 տոկոսով»,- ներկայացրեց նախարարը։
Նրա տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը շարունակաբար նվազել է՝ 27 տոկոսից հասնելով 23,7 տոկոսի։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 9 ամսում նվազել է 6,9 տոկոսով․ ֆիննախ
Հովհաննիսյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում մեր երկրում տնտեսական ակտիվության աճի տեմպը 9 տոկոս է, ինչը հիմնականում պայմանավորված է առևտրի, ծառայությունների, ինչպես նաև արդյունաբերության աճերով։ Ըստ նախարարի` շինարարության աճը ևս նպաստել է տնտեսական ակտիվությանը։
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում կրկին ԶՊՄԿ–ն է
«Էական փոփոխություններ են տեղի ունեցել մեր տնտեսության մեջ, և մեր ու բազմաթիվ միջազգային գործընկերների գնահատմամբ՝ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի պոտենցիալը բարձրացել է՝ միջինում 4,5-ից դառնալով 5,5 տոկոս»,- նշեց նախարարը։
Կանխատեսվում է, որ 2025թ․ կունենանք 5,6 տոկոս տնտեսական աճ (2026-2027թթ․ համար կանխատեսվում է միջինում 5,5 տոկոս), դեֆլյատորի աճը կլինի 3,5 տոկոս, և ՀՆԱ-ն (նոմինալ արժեքով) 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ։