ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն թաքցնում է Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերը:
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՊԵԿ հասկանալու համար, թե որքան է արժեցել «Մարգարա» նոր անցակետի շինարարությունը և ինչքան գումար է ծախսվել շինարարության ավարտից հետո այն սպասարկելու համար։
Առաջին հարցի վերաբերյալ ՊԵԿ-ից հայտնել են, որ մաքսային կետի կառուցման համար կոմիտեի և մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնք հրապարակված են էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի PPCM ենթահամակարգում (բաց հարթակ):
Վերանորոգված «Մարգարա» անցակետը
© Sputnik
«Դրանք իրենց մեջ ներառում են շինմոնտաժային աշխատանքների, սարքավորումների և կահավորանքի արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների արժեքը, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության արժեքը, աշխատանքների կատարման նկատմամբ որակի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը»,-հայտնել է ՊԵԿ-ը:
Սակայն ՊԵԿ-ից չեն պատասխանել հիմնական հարցին․ որքան գումար է ծախսվել 2023 թվականի դեկտեմբերից պատրաստ, բայց չշահագործվող անցակետի սպասարկման համար։
«Մարգարա» անցակետը մինչև վերանորոգումը
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։
Հայկական կողմը անցակետի արդիականացման և վերազինման համար ծախսել է շուրջ 760 մլն դրամ: