Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց. փաստաբան

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը. Արխիվային լուսանկար
Միշա Գյուրջյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր հունիսի 27-ին, իսկ արդեն հուլիսի 25–ին նա ազատվել էր նաև տնային կալանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։ Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Նրա կալանքը տնային կալանքով փոխարինվեց հունիսի 27-ին, իսկ արդեն հուլիսի 25–ին Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից։