ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համալսարանում մեկնարկել է երկօրյա հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողովը, ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության տեղեկատվական քաղաքականության և համալիր անվտանգության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Տոլմաչևը:
«Ռուսական պատվիրակությունը հենց օդանավակայանում զգացել է հայկական հողի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը»,- ասել է նա՝ առաջարկելով բարձրանալ համալսարանի շենքի տանիք՝ տեսնելու Երևանի երկնքում «լողացող» Արարատը։
Հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողով ՀՌՀ–ում
© Photo
Համաժողովը կազմակերպել է ՀՌՀ-ն՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համատեղ։ Փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին իր տեսաուղերձում նշել է, որ այս տարի գերատեսչության կողմից կազմակերպված լրագրության ամառային դպրոցի ընթացքում ծնվել է առաջին ռուս–հայկական միացյալ «Օրիենտիր Արմ-Ռոս» ուսանողական խմբագրությունը։
Փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին տեսաուղերձ հղելիս
© Photo
«Ուսանողները վարում են մեր երկրների մշակույթին, կրթությանը, գիտությանը և սպորտին նվիրված տելեգրամյան ալիքը։ Այս համաժողովը կոչված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ռուս–հայկական ուսանողական լրագրության մերձեցմանը, ընդլայնելու պրոֆեսիոնալ շփումների շրջանակը, այն նպաստում է նոր գիտելիքներ և հմտություններ ստանալուն, ինչպես նաև ընկերներ ձեռք բերելուն»,- ասել է նա։
Հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողով ՀՌՀ–ում
© Photo
ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն ընդգծել է, որ այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չափազանց կարևոր է պահպանել ու խորացնել մարդկային կապերն ու մասնագիտական համագործակցությունը։ Նրա խոսքով` ֆորումը հնարավորություն է տալիս քննարկելու նորագույն ձեռքբերումներն ու միտումները, քանի որ ապագան արհեստական բանականության գործիքներ օգտագործող մասնագետներինն է։
«Նորարարական մեթոդների ներդրման շնորհիվ մենք մեր աշխատանքում պարզեցրել ենք ԶԼՄ–ների մոնիթորինգի տեխնոլոգիաները, աուդիո և վիդեո նյութերի վերծանումը, հաղթահարել լեզվական դժվարությունները, բարելավել տեքստերի խմբագրումն ու սրբագրումը։ Դա զգալիորեն մեծացրել է մեր աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և նվազեցրել նրանց ծանրաբեռնվածությունը։ Սակայն մյուս կողմից՝ արհեստական բանականությունը ակտիվացրել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարը»,- ասել է Ծառուկյանը։
Հայ-ռուսական ուսանողական մեդիա–համաժողով ՀՌՀ–ում
© Photo
Համաժողովի պատվավոր հյուր՝ մոսկվայից ժամանած լրագրող Աշոտ Ջազոյանն առաջարկել է ամեն տարի նման ֆորում անցկացնել Երևանում, որպեսզի ուսանողները գործնական հմտություններ ստանան ոչ միայն ՀՌՀ-ում, այլև խմբագրություններում։ Իսկ մինչ այդ նա խոստացել է, որ այս ֆորումում լավագույն մեդիա արտադրանքը ներկայացնող ուսանողների խումբը հնարավորություն կունենա այցելել Սանկտ Պետերբուրգ և Էրմիտաժում ներկայացնել դրանք լրագրողների միջազգային հանրությանը։ Այնտեղ նա նախատեսում է հանդիպում կազմակերպել 30 երկրների ներկայացուցիչների միջև իր գլխավորած «Մշակույթների երկխոսություն» կազմկոմիտեի հովանու ներքո։