ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցներն այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց են։ Նրանք նախապես հայտարարել էին, որ գալու են այստեղ` պահանջելու, որ նախագահը չստորագրի սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշումը։
Ակցիա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
© Sputnik / Artak Aghababyan
Ու թեև մի քանի ժամ առաջ լուր տարածվեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է կանոնակարգը, բայց շարժման աջակիցները որոշել են չչեղարկել հավաքը։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդոք շարժման գործողություններն այս ֆոնին ուշացած չեն, ինչին ի պատասխան սրբազանն ասաց.
«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից` այս շենքերում մարդիկ կան, թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում»:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները նախագահականի մոտ են բերել խաղալիք դաշնամուր։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ դաշնամուրը բերել են ի նշան այն բանի, որ դաշնամուր նվագելը միակ գործն է, որ ՀՀ նախագահի մոտ լավ է ստացվում։
Նախագահականի մոտ բերած խաղալիք դաշնամուրը
© Sputnik
«Սրբազան պայքարի» ակցիայի մասնակիցները նաև «սահմանասյուներ» տեղադրեցին Բաղրամյան պողոտայում։ Երթևեկությունը պողոտայով մի կարճ ժամանակով փակվեց։
Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը հայտնեց, որ Բաղրամյան փողոց գալիս պարեկները կանգնեցրել են նրա ավտոմեքենան, ասել, որ չեն կարողանում նույնականացնել և տարել են տուգանային հրապարակ։
Բագրատ սրբազանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
© Sputnik / Artak Aghababyan
Նշենք, որ Բաղրամյան փողոցը մարդկանց հոսքից մերթ ընդ մերթ դժվարանցանելի է դառնում ավտոմեքենաների համար։ Նախագահական նստավայրի դիմաց վահաններով ոստիկանները կանգնած են մի քանի շարքով։
Բաղրամյան պողոտան
© Sputnik / Artak Aghababyan
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։
Որոշակի դադարից հետո սեպտեմբերի 22-ին «Սրբազան պայքար» շարժումը հավաք անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաջորդ հանրահավաքն անցկացվեց հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում։ Այդ օրը Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին իշխանությունից չեն հեռացրել։