ՔՊ–ն չի կարողանում Մինասյանի փոխարինողին գտնել. պահանջները փոխվել են

Ի սկզբանե հստակ է եղել, որ նոր նախարարը պետք է կին լինի, սակայն Դավոյանից հետո այս պահանջը հանվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ կուսակցությունը երկու անգամ վարչության նիստ է արել, տարբեր թեկնածուների քննարկել, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորին «մերժել ու տուն է ճանապարհել»»,–գրում է թերթը։
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 9–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում դեմ են քվեարկել ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությանը։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունը նոր թեկնածուներր է գտել Մինասյանին փոխարինելու համար։
Նշվում է, որ հոկտեմբերի 22–ին կայացած վարչության նիստում արդարադատության նախարարի 4 թեկնածուները ծավալուն ելույթներով են հանդես եկել։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, որը ևս ՔՊ կուսակցության անդամ է։
«ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաև, որ ՔՊ-ում հանվել են արդարադատության նոր նախարարի համար սահմանված պահանջները, «պլանկան» իջեցվել է:
Ի սկզբանե հստակ է եղել, որ նոր նախարարը պետք է կին լինի, սակայն Դավոյանից հետո այս պահանջը հանվել է, իսկ Արմեն Խաչատրյանին մերժելուց հետո ՔՊ-ում համարում են, որ պարտադիր չէ, որ նոր նախարարը կուսակցական լինի։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Ներկայում Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ–բաժնետերն է։ Նա ընկերության կառավարումը իրականացրել է նաև ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թ. պետական պաշտոն ստանձնելը: Իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։