ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի հերքում, որ իշխող կուսակցությունում կադրային սղություն կա։ Այս մասին նա այսօր ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչու ՔՊ–ն չի կարողանում ընտրել արդարադատության նոր նախարար։
«Կադրային սղության խնդիր միշտ էլ կա, բայց թեկնածուներ մենք շատ ունենք, պարզապես նրանց մի մասը, որոնք կարող էին շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, իրեենց զբաղվածությամբ, ներկա աշխատանքով, պայմանավորված ցավոք սրտի հրաժարվեցին դառնալ նախարար»,– ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրեց, որ Քաղաքացիական պայմանագիրն էլի թեկնածուներ ունի ու նրանց մասին շուտով կհայտարարվի։ Գուցե նրանք կուսակցությունից չլինեն, բայց, Պապոյանի պնդմամբ, հաստատ կլինեն իրենց քաղաքական թիմից։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Հոկտեմբերի 9–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում դեմ են քվեարկել ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությանը։
Դրանից հետո ՔՊ–ն քննարկել է արդարադատության նախարարի ևս 4 թեկնածուների հարցը։ Նրանցից վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ինքնաբացարկ են հայտնել։ Քննարկումները շարունակվել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ (որը ևս ՔՊ կուսակցության անդամ է)։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։