Երևանում իրագործվում է հասարակական տրանսպորտի համար միասնական միջանցքի գաղափարը

Այժմ Երևանի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի համար մի քանի միջանցքների գաղափար է դիտարկվում։ Հնարավոր է առանձնացված գծերի ընդլայնում մի քանի ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանում իրագործվում է հասարակական տրանսպորտի համար միասնական միջանցքի գաղափարը, որն իրար կկապի տարբեր վարչական շրջանները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ներդրման մասով մշակվել է ընդհանուր հայեցակարգ։
«Առաջնային փուլով իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն»,-ասաց նա:
Նշենք, որ ավտոբուսային առանձնացված գծեր արդեն իսկ ներդրվել են մի շարք փողոցներում՝ Գայի պողոտայում, Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցներում և Մաշտոցի պողոտայում։
Երևանը սպասարկող բոլոր ավտոբուսների համար մինչև տարեվերջ GPS տեղորոշման սարքեր ձեռք կբերեն
«Այժմ մի քանի միջանցքների գաղափար է դիտարկվում։ Հնարավոր է առանձնացված գծերի ընդլայնում դեպի Իսակովի պողոտա։ Նաև դիտարկվում է կենտրոնով անցնող երկրորդ միջանցքի գաղափարը, որը կշարունակվի դեպի Արշակունյաց պողոտա, Գարեգին Նժդեհի, Բագրատունյանց փողոցներ ։ Այժմ դիտարկվում է հնարավորությունը Նոր Նորք վարչական շրջանը Արաբկիր վարչական շրջանին կապելու և Դեպի Մալաթիա-Սեբաստիա շարունակելու ուղղությամբ»,-ասաց նա։
Հարությունյանը վստահ է, որ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Նախատեսվում է քաղաքի վարչական շրջանները կապել իրար։
Երևանը սպասարկող բոլոր ավտոբուսների համար մինչև տարեվերջ GPS տեղորոշման սարքեր ձեռք կբերեն