ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու, որ ավարտին հասցնի արդարադատության նախարարի ընտրության հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ «Հրապարակի»` Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջև։
«Ի դեպ, Խաչատրյանին առաջադրել են մի խումբ պատգամավորներ և Սյունիքի տարածքային խորհուրդը, այդ թվում` Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, իսկ Սիրունյանին` Նոր Նորքի ՔՊ տարածքային խորհուրդը՝ Արմեն Կոտոլյանի առաջարկով, որը 2018թ. սեպտեմբերից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է»,–գրում է թերթը:
Չի բացառվում, որ այսօր էլ վարչությունը թեկնածու չընտրի, ինչպես նախորդ անգամ մերժեց Արփի Դավոյանին, քանի որ առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը, ըստ պարբերականի, Փաշինյանի սրտով չէ։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Ներկայում Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ–բաժնետերն է։ Նա ընկերության կառավարումը իրականացրել է նաև ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թ. պետական պաշտոն ստանձնելը: Իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։