Անհոգ եղեք, տիկի՛ն Խամոյան. ԲԴԽ նախագահը խոսեց իր և Գրիգոր Մինասյանի ընկերության մասին

ԲԴԽ նախագահը վստահեցրեց, որ իր ղեկավարած խորհրդի համար միևնույնն է եղել միշտ, թե ով կլինի արդարադատության նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է արդյոք մնալ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ընկերը, թե՞ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընկերությունն էլ վերջացավ։ ԱԺ լիագումար նիստի ժամանակ Անդրեասյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Հաշվի առնելով ձեր ոչ միայն մտերիմ հարաբերությունները, այլև այն պարզ հանգամանքը, որ դուք երաշխավորություն էիք ներկայացրել նախարարի պաշտոնում նրա նշանակման համար, ստացվում է` դուք երաշխավորել եք մեկի համար, որն այնուհետև խնդիրներ ունեցավ իշխող ուժի հետ։ Արդյոք հետևություններ արե՞ք եք դրանից»,– նշեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ պարոն Մինասյանը վերադարձել է Անդրեասյանի հետ համատեղ հիմնադրած «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերություն` բիզնեսի կառավարմանը։
Ի պատասխան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ իր ղեկավարած խորհրդի համար այնքան միևնույնն է, թե ով կլինի արդարադատության նախարարը։
Նրա խոսքով` ցանկացած նախարարի հետ ԲԴԽ–ն ունի սահմանադրական իր աշխատանքը, որը արել են, կանեն ու կշարունակեն անել։
«Որպես ԲԴԽ նախագահ` ես որևէ նախարարի համար որևէ երաշխավորում չեմ արել։ Տիկի՛ն Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրիք, պարոն Մինասյանը հոգնեց, զզվեց, գնաց։ Ի տարբերություն ոմանց` ինձ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով, քաղաքական հայացքներով։ Երբ ես և Գրիգոր Մինասյանն ունեինք ծայրահեղ տարբեր քաղաքական դիրքորոշումներ, նույնիսկ այդ ժամանակ մեր մանկության ընկերությանը որևէ վնաս չի եղել, մի անհանգստացեք` բոլոր ընկերներն իրենց տեղում են, բոլոր արժեքները պահպանված են։ Անհոգ եղեք, տիկի՛ն Խամոյանլ»,– վստահեցրեց Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերությանը, Անդրեասյանը նշեց, որ երբևիցե չի եղել այդ ընկերության հիմնադիրը։
«Շփոթ կա, իհարկե, սակայն դրանք մանրուքներ են»,– շարունակեց նա։
Ագնեսա Խամոյանն ավելացրեց, որ «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության հիմնադիրը Անդրեասյանի կինն է, ու այդտեղ, միևնույնն է, կա շահերի բախում։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Ներկայում Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ–բաժնետերն է։ Նա ընկերության կառավարումը իրականացրել է նաև ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թ. պետական պաշտոն ստանձնելը: Իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։
Արդարադատության նախարարի պաշտոնը դեռ թափուր է։