ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե որտեղից է Ալեն Սիմոնյանը վերցրել այն թեզը, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ հարձակվել Արցախի վրա։
«Մեր Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետը փորձառու դիվանագետ է և դժվար նման թեզ խորհուրդ տար Ձեզ, ի վերջո այդ հիմարագույն թեզը ո՞վ է խորհուրդ տվել Ձեզ»,– հարցրեց Մանուկյանը։
Ալեն Սիմոնյանը նախօրեին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ հարձակվել Ղարաբաղի վրա ու Հայաստանի տարածքները օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանը արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3 –4 ՄԱԿ–ի բանաձև։
«Երբ դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը` որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում (անձանբ ձեր կուսակցությունը) ու հայտարարում էիք, որ դա Ադրբեջան է, բա դուք ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա»,– հավելեց Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: