Իսրայելը կիրակի երեկոյան հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող «Քարդ ալ Հասան» ֆինանսական կազմակերպության` Լիբանանի Բեքաա հովտում գտնվող բաժանմունքներին: Տեղեկությունը հայտնում է «Al-Jadeed» հեռուստաալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ երկու ավիահարված է հասցվել այդ կազմակերպության բաժանմունքներին, որոնցից մեկը գտնվում է Բեքաա վարչական կենտրոնի՝ Բաալբեկ քաղաքի շուկայում, մյուսը` Լիբանանի արևելքում գտնվող Հերմել քաղաքում։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները «Քարդ ալ Հասանին» մեղադրել էին Իրանի միջոցով «Հզբոլլահին» փոխանցվող զենքի մատակարարումները ֆինանսավորելու մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: