Եվ սա այն դեպքում, երբ գերմանացիները վաղուց ապացուցել են, որ այդ մարդը գերմանացի էր, Մեծ Բրիտանիայում ոմանք համոզված են, թե անգլիացի էր, Սկանդինավյան երկրներում հավատում են, թե վիկինգներից էր, և դա կարելի է կոնսենսուսային տարբերակ համարել, քանի որ այդ հարցը միշտ թեժ վեճեր է առաջացրել. ո՞վ է հայտնաբերել Ամերիկան՝ վիկինգնե՞րը, թե՞ Կոլումբոսը։ Եվ ուրեմն կարելի է ասել վիճողներին՝ հանգստացե՛ք, երկուսդ էլ ճիշտ եք. Ամերիկան հայտնաբերել է Կոլումբոսը, որը վիկինգների առաջնորդն է եղել։
Բայց ինձ ամենից շատ այս վարկածն է դուր գալիս. ժամանակին Ղրիմի թաթարները գերել են Գոլուբ անունով մի ուկրաինացու, վաճառել են նրան թուրքերին, նա փախել է, հիմնավորվել է Ջենովայում, դարձել է հմուտ նավաստի, մնացածն էլ գիտեք… Գոլուբ անունն էլ վերափոխվել, դարձել է սկզբից Կոլումբ, հետո էլ Կոլումբոս… Այսինքն` իրականում Ամերիկան հայտնաբերել են ուկրաինացիները։ Եթե, իհարկե, հավատանք այս անչափ հետաքրքիր վարկածին, որը ստուգել անհնար է, քանի որ մինչև 1476 թվականը Կոլումբոսի կյանքի մասին հավաստի տվյալներ գրեթե ընդհանրապես չկան։ Իսկ դա խոսում է այն մասին, որ նրա ծնողները ազնվական կամ հարուստ չէին։
Բայց նրա առաջ քաշած գաղափարն այն մասին, որ Հնդկաստան կարելի էր հասնել նաև այսպես ասած հակառակ կողմից՝ նավարկելով դեպի արևմուտք, հասավ թագավորներին։ Որքան էլ տարօրինակ թվա, դրան նպաստեցին թուրքերը։ 1453 թվականին նրանք գրավեցին Կոստանդնուպոլիսը և փաստորեն փակեցին այն ճանապարհը, որով Հնդկաստանից Եվրոպա էին հասցվում բազմապիսի համեմունքներ։ Դրանց գինը միանգամից թռավ մինչև երկինք, և հարուստներին, որոնց նախկինում «ոսկու տոպրակ» էին անվանում, սկսեցին կոչել «պղպեղի տոպրակ»։ Երկրի հակառակ կողմում գտնվող Հնդկաստանին այլ ճանապարհով հասնելու գաղափարը չափազանց հրատապ դարձավ, բայց դրա համար փող էր պետք, իսկ թագավորները, ինչպես գիտենք, բավական ժլատ են։
15 տարի շարունակ Կոլումբոսը համոզում էր միապետներին։ Պորտուգալացի Ժուան Երկրորդը մերժեց, ինչպես նաև անգլիացի Հենրիխ Յոթերորդը։ Ֆրանսիացի Կարլ Ութերորդին դիմելն ընդհանրապես անիմաստ էր, նրան բացի գեղեցիկ կանանցից ուրիշ բան չէր հետաքրքրում։ Եվ վերջապես Կոլումբոսի բախտը բերեց՝ Իսպանիայի Ֆերդինանդ և Իզաբելա թագավորական զույգը երիտասարդ էր, հետաքրքրասեր, հավակնոտ և դարակազմիկ հաղթանակների ու հայտնագործությունների էր ձգտում։ Իզաբելան այնքան էր ոգևորված, որ հայտարարեց, թե նույնիսկ պատրաստ է իր թանկարժեք զարդերից հրաժարվել ճանապարհորդությունը ֆինանսավորելու համար։ Իրականում, բնականաբար, չհրաժարվեց զարդերից, բայց օգնեց հայթայթել անհրաժեշտ գումարը։
Մնացածը բոլորիս հայտնի է դպրոցական դասագրքերից, և ուրեմն վերադառնանք մեր օրեր։ Անցած շաբաթ իսպանացի գիտնականների խումբը հայտարարեց, որ 20-ամյա ուսումնասիրությունների արդյունքում՝ մանրակրկիտ հետազոտելով Կոլումբոսի և նրա հարազատների ԴՆԹ-ները, ապացուցել են՝ այն մարդը, որը հայտնաբերել է Ամերիկան, ծնվել է իսպանական Վալենսիայում, հրեաների ընտանիքում։ Իսպանացի մասնագետների աշխատանքը իսկապես շատ դժվար էր, քանի որ ոչ բոլորին է հայտնի, բայց հաստատված փաստ է՝ Կոլումբոսը, որը մի քանի անգամ այցելել է Ամերիկա, մահվանից հետո էլ, կներե՛ք, ևս մի ուղևորություն է կատարել այնտեղ։
Քրիստափոր Կոլումբոսը մինչև կյանքի վերջն այդպես էլ չիմացավ, որ նոր մայրցամաք է հայտնագործել, և մահացավ 1506 թվականին իսպանական Վալյադոլիդ քաղաքում։ Սակայն իր վերջին ցանկության համաձայն` նրան հուղարկավորեցին Կարիբյան ծովի Էսպանիոլա կղզում, որն այժմ կոչվում է Հաիթի։ Բայց դա նրա վերջին հանգրվանը չէր. մի քանի դար անց նրա աճյունը տեղափոխեցին Կուբա, վերջում էլ ամփոփեցին Սևիլիայի տաճարում։ Հենց այդտեղ էլ ավելի քան 20 տարի առաջ տեղի է ունեցել արտաշիրիմումը։ Համեմատելով ստացված տվյալները Կոլումբոսի մերձավոր հարազատների՝ եղբայր Դիեգոյի և որդի Էրնանդոյի ԴՆԹ-ների հետ` գիտնականները միանշանակ հայտարարեցին՝ Կոլումբոսի հրեական ծագումն այլևս կասկած չի հարուցում։
Կարելի է միայն կանխատեսել, որ այս աշխարհում, որտեղ ցանկացած բան կասկածի տակ է առնվում, շատ շուտով ի հայտ կգան թերահավատներ, որոնք կվկայակոչեն Թումանյանի հայտնի խոսքերը. «Աշխարքում հաստատ մի բան կա մենակ, Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»…