Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրականացվել է դեպքի վայրի և դիակի զննություն։ Հարցաքննվել են տուժողի մի շարք ծառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մեղրիում հրազենային վնասվածք ստացած զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն երեկ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ըստ ՔԿ–ի` վնասվածքը եղել է զինծառայողի կզակի շրջանում։
«Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Իրականացվել է դեպքի վայրի և դիակի զննություն։ Դիակից ստացվել են անհրաժեշտ փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Զորամասից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ծառայություն իրականացրած զինծառայողներից ստացվել են փորձանմուշներ, որոշումներ են կայացվել նաև դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Հարցաքննվել են տուժողի մի շարք ծառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ կատարվածի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Աղասին տան ավագ զավակն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի: