ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի համար Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի, իսկ նրա կայունությունն ու անվտանգությունն ուղղակիորեն կախված են այս տարածաշրջանի կայունությունից։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով «Ավանդույթներից դեպի անվտանգություն» ռուս-հայ-վրացական համաժողովում, որը կազմակերպել էր Երևանի «Ռուսական տուն» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը տարածաշրջանի ժողովուրդների հետ կապված է դարավոր կապերով, այդ թվում՝ սփյուռքի գծով։ Այդ իսկ պատճառով Հարավային Կովկասում տեղի ունեցողը ցավոտ և զգայուն է անդրադառնում հենց Ռուսաստանի վրա։
«Տարածաշրջանն աշխարհագրական տեսանկյունից մեծ չէ, սակայն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական խաչմերուկների խտացում է։ Հարավային Կովկասով բարդագույն կոնֆլիկտային հանգույցներ են անցնում, որոնք վերաիմաստավորում և լուծում են պահանջում»,-ասել է նա։
Լիցկայը որպես տարածաշրջանի բոլոր հակամարտությունների լուծում տեսնում է պայմանավորվածությունները և բուն Հարավային Կովկասի երկրների միասնական կարծիքի գալը։ Նա պարզաբանել է, որ տարածաշրջանում ներկա արտաքին ուժերի համար Հարավային Կովկասը մի վայր է, որտեղ փորձեր կատարելու հնարավորություն կա, որովհետև եթե ինչ-որ բան սխալ ընթանա, օվկիանոսից այն կողմ, հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների համար մեծ խնդիր չի լինի:
Իսկ Ռուսաստանը սխալվելու իրավունք չունի, քանի որ ցանկացած սխալ սրացման հերթական փուլ է՝ ներքաղաքական և տնտեսական առումով։ Դա կհանգեցնի նրան, որ տնտեսական զարգացման նախագծերը կրկին կհետաձգվեն, իսկ տարանցիկ ուղիները կդադարեն գործել։
Նա կարևոր է համարում, որ փորձագետները՝ փորձ և գիտելիքներ ունեցող մարդիկ, ձևակերպումներ, առաջարկություններ, թարմ գաղափարներ մշակեն իրավիճակի լուծման համար: Լիցկայն օրինակ է բերում «3+3» հարթակի գաղափարը, որը նույնպես ծնվել է փորձագիտական քննարկումից։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը ենթադրում է, որ տարածաշրջանի երկրներն ինքնուրույն, առանց ավելորդ դերակատարների քննարկում են առկա խնդիրը և լուծման ուղիներ են գտնում:
Լիցկայը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությունը՝ Ռուսաստանի ղեկավարությունը առաջ է քաշում Եվրասիական անվտանգության համակարգի ձևավորման գաղափարը, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան իրենց խոսքն ասել և ընդհանուր կոնսենսուսային տեսլական մշակել: