Պաշտպանություն ռիսկերից. հայկական ստարտափը ցանցային անվտանգություն կարող է ապահովել

Սարգիս Մանուկյանը. Արխիվային լուսանկար
«Aware Sec» ուսանողական ստարտափը կարող է բարձրացնել կորպորատիվ ցանցերի անվտանգության աստիճանը և կիբեռանվտանգության հիմնական կանոնների վերաբերյալ բիզնեսին խորհրդատվություն մատուցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ամեն անգամ, երբ Հայաստանի սահմաններում ռազմական սրացում է սկսվում, հարյուրավոր տեսախցիկների նյութերն ամբողջ երկրում՝ խանութներից սկսած հաստատություններով ավարտած, հայտնվում են բաց կամ վճարովի անհայտ ծագման կայքերում: Այս և շատ այլ ռիսկերից կարելի է խուսափել՝ պահպանելով կիբեռանվտանգության նվազագույն կանոնները: Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Aware Sec» ուսանողական ստարտափի համահիմնադիր Սարգիս Մանուկյանը։
«Պետք է մի շարք պարզ տեխնիկական գործողություններ կատարել, որոնք մենք կարող ենք սովորեցնել կամ ինքներս սպասարկել պատվիրատուի ցանցը։ Կարող ենք նաև անվտանգության անհրաժեշտ չափորոշիչներով ցանց հավաքել», - ասում է Սարգիսը։
Բացի այդ, ընկերությունը պատրաստ է ստուգել ցանցի և հաճախորդի սարքերի անվտանգությունը՝ Wi-Fi-ից մինչև սովորական հեռակառավարման վահանակներ (կան, օրինակ, սարքեր, որոնք թույլ են տալիս ընդհատել այդ հեռակառավարման ազդանշանը և անջատել հեռուստացույցներն ու այլ սարքավորումները):
Սարգսի և նրա ընկերների ստարտափը կարելի է անվանել ուսանողական. Սարգիսը սովորում է Հայ-ռուսական համալսարանի երրորդ կուրսում, մյուս ընկերները՝ պոլիտեխնիկական համալսարանում․ չորս համահիմնադիրներից միայն մեկն է արդեն ավարտել բուհը և աշխատում է որպես գիտաշխատող (բայց ժամանակ է հատկացնում նաև ստարտափին)։ Սարգիսն աշխատում է Հայ-ռուսական համալսարանի քվանտային ինֆորմատիկայի ամբիոնում։
«Հետագայում ուզում եմ տիրապետել քվանտային գաղտնագրմանը և դրա հիման վրա ստեղծել տեղեկատվական անվտանգության լուծումներ մեր նախագծի համար», - ասում է նա:
«Aware Sec»-ը ներկայացվել է օրերս Երևանում կայացած ամենամյա DigiTec ցուցահանդեսին, որի կազմակերպիչն է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):
«Հովիվ» ստարտափ. ֆերմերները կհետևեն կենդանու տեղաշարժին, սերմնավորմանը, կաթնատվությանը