ՔՊ–ն արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար 2 նոր թեկնածու ունի

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանին մտավոր կարողութունների ու անպատրաստվածության համար մերժելուց հետո խմբակցության պատգամավորներն այս օրերին «դռնեդուռ» ընկած արդարադատության նախարարի նոր թեկնածու են փնտրում։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ խմբակցության ներսում այս պահի դրությամբ երկու անուն է շրջանառվում՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան, որը մասնագիտությամբ իրավաբան է, եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, որին դարձյալ Անդրանիկ Քոչարյանն է լոբբինգ անում, որպեսզի անձնական օգտագործման նախարար ունենա»,–գրում է թերթը։
«Ժողովուրդն» այս հարցի առնչությամբ փորձել է կապ հաստատել Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս չի արձագանքել զանգերին և նամակներին, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ինչպես ֆրակցիայից են փոխանցել, երկրում չէ:
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։