ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնում է, երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի երկու գնդակոծության հետևանքով Շեբեկինո քաղաքում 9 մարդ է տուժել:
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է Շեբեկինո քաղաքը։ 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տուժածներից 4-ին շտապօգնության բրիգադները տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Եվս երեքին տեղափոխել են մարզային կլինիկական հիվանդանոց, երկուսը բժշկական օգնություն ստանալուց հետո ուղարկվել են ամբուլատոր բուժման»,- գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ քաղաքում, նախնական տվյալներով, կոտրվել են երեք բազմաբնակարան շենքերի և երկու առանձնատների պատուհանները, վնասվել են ճակատամասերը: Բեկորները նաև 11 մարդատար ավտոմեքենա են վնասել։
«Երկրորդ գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել. Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Բացի այդ, բազմաբնակարան շենքում գազի խողովակ է կոտրվել։ Էլեկտրահաղորդման գիծ է վնասվել։ Վթարային բրիգադները վերականգնողական աշխատանքները կսկսեն ՌԴ ՊՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո»,-հստակեցրել է մարզի ղեկավարը։
Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի սահմանից մոտ չորս կիլոմետր է հեռու։