«Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, այսօր երիտասարդական ֆլեշմոբ անցկացվեց` նվիրված Երևանի 2806–ամյակին։ Ֆլեշմոբը կազմակերպել էր «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը։
«Սա նվեր է մեր սիրելի Երևանին հայ երիտասարդների կողմից։ Այս գեղեցիկ ակցիան անցկացրինք ավելի քան 1000 ուսանողի մասնակցությամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կազմակերպության անդամ Միքայել Բադալյանը։
Երիտասարդները հուշարձանի մոտ շարվել էին` կազմելով 2806 թիվը, քանի որ հենց այդքան է Հայաստանի մայրաքաղաքի տարիքը։ Իսկ «թվի» վերևում հսկայական եռագույնն էր ծածանվում։ Բադալյանը նշեց, որ կազմակերպության նպատակն է պահպանել ազգային ինքնությունն ու ավանդական արժեքները` հարթակ ստեղծելով դրա համար։
«Այս ակցիան ցույց տվեց, որ երիտասարդների մի մեծ բանակ պատրաստ է մեզ հետ գնալ նույն ուղղությամբ»,– եզրափակեց Բադալյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Երևանում կնշվի քաղաքի օրը: Ամբողջ քաղաքում նախատեսվում են տոնական միջոցառումներ, համերգներ և ցուցահանդես–վաճառքներ: