Ֆինանսով կամ այլ ռեսուրսով աջակցություն չենք ցուցաբերել Բագրատ սրբազանի շարժմանը․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Բագրատ սրբազանն իրենց ֆինանսական աջակցության համար չի տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով աջակցություն չի ցուցաբերել Բագրատ սրբազանի շարժմանը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի, ֆրակցիայի հայտարարությունների տեսքով, դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել ։ Ինքը նաև նման կարգի աջակցության համար չի դիմել»,-ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ նման աջակցություններ չեն եղել, որպեսզի հասարակության մոտ կարծիք չստեղծվի, թե շարժումը նախագահների պրոյեկտ է։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ։
Ակցիաներն ու հանրահավաքները շարունակվեցին Երևանում։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, շարժումն ավելի մասշտաբային կլինի։