Ո՞վ կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր

Ռուբեն Վարդանյան
Sputnik
Հոկտեմբերի 11-ին հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հաղթողը։ Այդ պարգևին հավակնում է 286 թեկնածու։ Եթե կարծում եք, թե շատ մեծ թիվ է, հիշեցնեմ, որ անցած տարի ավելի քան 350 անուն էր ներկայացվել։ Բուքմեյքերներն արդեն խաղադրույքներ են առաջարկում, սակայն բարդությունն այն է, որ անխտիր բոլոր թեկնածուների անունները կհրապարակվեն միայն 50 տարուց։
Իսկ առայժմ հայտնի են միայն այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց անունները հրապարակել են ներկայացնողները։ Թվարկեմ այն մարդկանց, որոնց անունները ծանոթ են լայն հասարակությանը՝ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկ, ավստրալացի համակարգչային ակտիվիստ Ջուլիան Ասանժ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, ՆԱՏՕ-ի արդեն նախկին ղեկավար Յենս Ստոլտենբերգ և նույնիսկ Դոնալդ Թրամփ։
Այն ղեկավարը, որի օգտին քվեարկել էր թունիսցիների 70%-ը, բռնապետի է վերածվում. ծանո՞թ բան է
Թեկնածուների թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Պաշտոնական հիմնավորումն այսպիսին է. «Հայաստանում և մի շարք այլ երկրներում գործող մոտ 50 նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման և աջակցման համար»։ Կարելի է միայն հուսալ, որ ամիսներ շարունակ անազատության մեջ գտնվող Վարդանյանին Նոբելյան մրցանակի շնորհումը գոնե ինչ-որ չափով կազդի Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ գերիների ճակատագրի վրա։ Ի դեպ, լրատվամիջոցների վկայությամբ` վերջերս ադրբեջանցի քննիչները հարցաքննել են Ռուբեն Վարդանյանին՝ Հայաստանի վարչապետի արած մեկնաբանություններից հետո։ Եթե հիշում եք, վերջինս, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վարչապետը հետաքրքրվել է Ադրբեջանի նախագահից, թե ինչու Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին ազատ չեն արձակում, այսպիսի հարցադրումներ է արել․«Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ խոստումներով»։
Երրորդ աշխարհամարտի մասին լուրերը խիստ չափազանցված են. բոլոր կողմերը բավարարված են ու գոհ
Այս մեկնաբանությունները ամենևին միանշանակ չէին ընդունվել Հայաստանի հանրության կողմից, իսկ Ռուբեն Վարդանյանը պատասխանել էր. «2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ: Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»։
Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ հոկտեմբերի 11-ին Ռուբեն Վարդանյանին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեն, որևէ մեկը չի կարող կանխատեսել այն երկրի իշխանությունների արձագանքը, որտեղ գտնվում են ազատությունից զրկվածները։ Անցած տարի, օրինակ, խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամադիին, որը մինչև այժմ մնում է ճաղերի հետևում։ Թե ինչպես կվարվի Ադրբեջանի նախագահը, կարելի է միայն ենթադրել։ Պարզապես երևի կհամաձայնեք, որ հարևան երկրի առաջնորդը, մեղմ ասած, ոչ միշտ է հաշվի նստում համաշխարհային կառույցների և ընդհանրապես միջազգային հանրության կարծիքի հետ։
Չի բացառվում, որ այս տարի խաղաղության Նոբելյան մրցանակն ընդհանրապես չշնորհվի։ Այդպես եղել է, այն էլ բավական հաճախ՝ մոտ 20 անգամ։ Ահա թե ինչ է ասել Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Դեն Սմիթը. «Հաշվի առնելով այսօրվա միջազգային իրադրությունը` միգուցե ընդհանրապես չարժի այս տարի շնորհել խաղաղության Նոբելյան մրցանակը։ Եկել է պահն ասելու. «Առաջնորդնե՛ր բոլոր երկրների, արթնացե՛ք վերջապես և գիտակցե՛ք, թե ինչ ծայրահեղ վտանգավոր վիճակում է հայտնվել ողջ մարդկությունը. մոտ 50 զինված հակամարտություններ կան աշխարհի տարբեր ծայրերում, իսկ զոհերի թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է»։
Ի դեպ, Խաղաղության մրցանակի շուրջ վեճերը սկսվել են հենց այն օրվանից, երբ Ալֆրեդ Նոբելը սահմանեց այդ պարգևը։ Ինչպե՞ս թե, տարակուսում էին շատերը, այս մարդը դինամիտ է արտադրում, այսինքն` նպաստում է զոհերի թվի աճին ու միաժամանակ խաղաղության մրցանակ է հիմնո՞ւմ։ Իսկ պարգևի պատմությունը լի է պարզապես աղաղակող դրվագներով։ Օրինակ` 1939 թվականին, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչ-որ մեկն առաջարկել էր խաղաղության մրցանակը շնորհել ... Ադոլֆ Հիտլերին։ Հետո երկու անգամ ներկայացվել է Իոսիֆ Ստալինի թեկնածությունը։
Եվ վերջում մի օրինակ էլ բերեմ, որը շատերին կարող է անհարկի թվալ այս օրերին, երբ անընդհատ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին։ Ուղիղ 5 տարի առաջ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդին՝ Էրիթրեայի հետ 20 տարի շարունակ տևած պատերազմի դադարեցման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Եվ ի՞նչ։ Մեկ տարի անց՝ 2020-ի նոյեմբերին, Աբի Ահմեդը վերսկսեց պատերազմը։ Շատերն այն ժամանակ պահանջում էին՝ հե՛տ վերցրեք նրա մրցանակը։ Բայց Նոբելյան մրցանակը հնարավոր չէ հետ վերցնել։
Հոգսաշատ Ռյուտտեն. ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը հեծանվով զբոսնելու ժամանակ չի ունենա Բրյուսելում