ՔՊ–ն դեմ է քվեարկել Դավոյանի` նախարարի թեկնածու լինելուն. նիստից մանրամասներ են հայտնի

Արփի Դավոյանը. Արխիվային լուսանկար
Հայտնի են դարձել ՔՊ կուսակցության վարչության նիստի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի` արդարադատության նախարարի թեկնածու լինելուն դեմ են քվեարկել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ նիստը կայացել է հոկտեմբերի 9-ին։ Պաշտոնապես հաղորդվել էր միայն, որ քննարկվել են կադրային բնույթի հարցեր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
«Մինչդեռ տեղեկացանք, որ քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները թեկնածու չեն ընտրել: Առաջադրվածները երկուսն էին՝ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, վերջինը, ըստ լուրերի, քվեարկությունից առաջ հանել է թեկնածությունը։ Դավոյանի օգտին էլ երկու անդամ է քվեարկել՝ Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը»,– գրում է պարբերականը։
Հիշեցնենք, Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Ներկայում Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ–բաժնետերն է։ Նա ընկերության կառավարումը իրականացրել է ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թ. պետական պաշտոն ստանձնելը: Իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։