Նախադպրոցական ուսումնական հաստատությունների 24 մանկավարժի տարակարգ է շնորհվել

Տարակարգ ստացած ուսուցիչները պատրաստվում են մյուս աստիճանների համար ևս դիմել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների 24 մանկավարժ այս պահի դրությամբ տարակարգ ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար տարակարգի ընթացակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է, որը գործում է 2023 թվականից:
Տարակարգ ստացած մանկավարժներին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
«Դուք տարակարգի ներդրման գործընթացի առաջին շահառուներն եք, ինչը ցույց է տալիս՝ եթե մարդը հետաքրքրված է մասնագիտական առաջընթացով և ջանք է թափում այդ ուղղությամբ, ապա զարգացումն արդեն իսկ առկա է»,– ասել է Սվաջյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ տարակարգի տրամադրման գործիքակազմը խթանում է մասնագիտական զարգացումը և աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս։
Տարակարգի շնորհման համար սահմանված պահանջներն են` փաստաթղթեր, որոնք վկայում են մանկավարժական, մեթոդական կարողությունների մասին, ինչպես նաև անցկացված պարապմունքներից տեսաձայնագրություններ, որոնք ուսումնասիրում են փորձագետները և այլն: Սահմանված չափանիշներից առնվազն 3-ին համապատասխանելու դեպքում ներկայացված հայտերը կարող են ստանալ տարակարգ:
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար կրկին կկազմակերպվի կամավոր ատեստավորում
Հանդիպման ընթացքում մանկավարժները խոսել են իրենց արձանագրած խնդիրների, տարակարգ ստանալու շուրջ հետաքրքրությունը մեծացնելու մասին։ Շեշտել են` չնայած դժվար թվացող հնարավորությանը, այնուամենայնիվ, հետադարձ կապի ապահովմամբ, հարցերի պարզաբանմամբ և ուղղորդումների արդյունքում համոզվել են, որ այն հաղթահարելի է:
Մանկավարժներն ընդգծել են` տարակարգի մյուս աստիճաններին ևս պատրաստվում են դիմել: