ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր – Sputnik. Հունգարիան չի տուժի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի հնարավոր դադարի դեպքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ Բուդապեշտը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այն եվրոպական երկրներին, որոնց համար տարանցման դադարից առաջացած խնդիրները առավել զգալի կլինեն։
Նախարարը պարզաբանել է, որ Հունգարիան ռուսական գազի հիմնական մասը ստանում է «Թուրքական հոսք» գազամուղով, ինչի շնորհիվ երկրի էներգամատակարարումը ապահով է։ Սիյարտոն ընդգծել է, որ Բուդապեշտը որոշ դաշնակիցների դիմադրությանն է բախվել այս գազամուղի կառուցման հարցում, նրանցից ոմանք «քաղաքավարի համոզում էին չանել, իսկ ոմանք դիմում էին սպառնալիքների»։
«Մեզ չեն հուզում Ռուսաստանի և Ուկրաինայի որոշումները գազի տարանցման վերաբերյալ։ Կենտրոնական Եվրոպայում կան երկրներ, որոնց համար դա խնդիր կդառնա։ Վերջին տարիներին Հունգարիան մեծ ներդրումներ է կատարել գազի ենթակառուցվածքի զարգացման մեջ, ուստի մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ով կարիքը կունենա»,- հավելել է նախարարը։
Նա նշել է նաև, որ 2024 թվականին «Թուրքական հոսքով» Հունգարիա արդեն ավելի քան 5,6 միլիարդ խորանարդ մետր գազ է մուտք գործել։
Հիշեցնենք, որ օգոստոսին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին, չի երկարաձգվելու։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը դեպի ԵՄ երկրներ։