ՀԿԱԾ-ն կապարակնքեց սիրիահայերի կրպակները մետրոյի Հանրապետության հրապարակի գետնանցումում

Հայրենադարձված վաճառականներն անելանելի վիճակում են հայտնվել. նախապես չեն ծանուցվել, հարկադիր կատարումն ապահովող ծառայողները կես ժամ են տվել խանութները դատարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քիչ առաջ կապարակնքեց Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի գետնանցումում գտնվող սիրիահայերի 10-ից ավելի կրպակները։ «Հալեպի շուկա» անունով հայտնի առևտրային փոքրիկ հատվածի առևտրականներն ասում են, որ նախապես ծանուցված չեն եղել։ ՀԿԱԾ-ի աշխատակիցները եկել են, կես ժամ տվել խանութները դատարկելու համար, ապա սկսել են կապարակնքել դրանք։
«Հալեպի շուկայի»` պատերի տակ շարված ապրանքներն ու կապարակնքված դռները
Վաճառականները ստիպված են եղել ապրանքները հանել կրպակներից, շարել պատերի տակ։ Հիմա անորոշ վիճակում որևէ լուծման են սպասում։ Ասում են՝ խնդիրը մետրոպոլիտենի և տարածքի սեփականատիրոջ միջև է. գործը դատարան է հասել, տուժել են իրենք։
«Հալեպի շուկայի»` պատերի տակ շարված ապրանքները
Պետրոս Կիրազյանն 2014թ–ին առաջիններից էր, որ իր կրպակը բացեց «Հալեպի շուկա»-ում։ Դրանից հետո միացան նաև սիրիահայ ընկերներն ու բարեկամները։
«Այն անձը, ումից վերցրել ենք տարածքը, պայմանագիր ուներ մինչև 2024 թվականի մարտը։ Պայմանագիրը վերջացավ, մետրոն վերցրեց տարածքը, ասաց, որ մենք ենք պատասխանատու, պայմանագրեր տվեցին մեզ այս տարվա սկզբից։ Իրենք իրար հետ պրոբլեմ ունեն, իրար վրա դատ են բացել»,- ասում է Կիազյանը։
Պետրոս Կիրազյան
Նշում է՝ մինչ այդ տարածքը վարձակալության հանձնողի հետ խնդիր չեն ունեցել, այսքան տարի հանգիստ աշխատել են։ Շեշտում է՝ հոկտեմբերի վարձավճարն էլ են տվել, բայց խնդիրը հիմա ոչ թե վճարված գումարն է, այլ պատի տակ թափված ապրանքները։ Մեծ մասը սնունդ է, որը ժամկետի խնդիր ունի, չգիտեն, թե ինչ են անելու։
«Հալեպի շուկայի»` պատերի տակ շարված ապրանքները
Ըստ տեղեկությունների՝ 2012թ․ ստորգետնյա անցման մոտ 130 քառակուսի մետր տարածքը վարձակալել է «Դիադին» ՍՊԸ-ն, որի վարձակալության ժամկետն ավարտվել է։ Դրանից հետո Երևանի մետրոպոլիտենն է պայմանագրեր կնքել 10 անհատ ձեռնարկատերերի հետ։ Միաժամանակ «Դիադին» ՍՊԸ-ն դատարան է դիմել տարածքի վարձակալությունը շարունակելու հարցով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը որոշակի պարզաբանումներ արեց։ Նրա խոսքով՝ Ժամանակին Երևանի քաղաքապետարանը տարածքն անհատույց տրամադրել է Երևանի մետրոպոլիտենին, ապա վարձակալության պայմանագիր է կնքվել մետրոպոլիտենի և «Դիադին» ՍՊԸ-ի միջև։
«Ժամկետը լրանալուց հետո մետրոպոլիտենը դիմել է, որ տարածքն ազատեն։ Միաժամանակ, ավարտվել է նաև մետրոպոլիտենին անհատույց տարածքը տրամադրելու ժամկետը, մետրոպոլիտենը կրկին դիմել է քաղաքապետարան, կրկին անհատույց որոշակի ժամկետով տրամադրել է տարածքը, որից հետո պայմանագրեր են կնքվել 10 անհատ ձեռներեցների հետ»,- նշում է Ասլանյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո էլ «Դիադին» ՍՊԸ-ն դիմել է դատարան, գործը վարույթ է ընդունվել։ Որոշում է կայացվել, որ տարածքի գործունեությունը դադարեցվի այնքան ժամանակով, քանի դեռ դատարանը վճիռ չի կայացրել։ Ասլանյանը նշում է՝ մետրոպոլիտենն էլ ստիպված է սպասել վճռին, և մետրոպոլիտենը բացարձակ դեմ չէ, որ կրպակները շարունակեն վարձակալել սիրիահայերը։
Հավելենք, որ տևական ժամանակ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի ղեկավարության տարիներին կառույցում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ։ Մասնավորաբար, դրանցից մեկը վերաբերում է հենց «Դիադին» ՍՊԸ-ին առնչվող պատմությանը։ Ըստ վարձակալության պայմանագրի՝ նշված տարածքի համար որպես վարձակալության վճար սահմանվել է մոտ 262 հազար դրամ, այսինքն՝ մեկ քառակուսի մետրի համար 2000 դրամ։ Մինչդեռ 2011թ․ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի որոշմամբ՝ այս կայարանի համար նախատեսված վարձակալության նվազագույն վճարը եղել է մեկ քառակուսիի դիմաց 3500 դրամը։