«Դոմուսի» սեփականատերը պարտավոր էր դիմել տեսչական մարմին, բայց չի դիմել

Ստուգման բացակայության պայմաններում տեսչական մարմինը չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել հրդեհված խանութում հակահրդեհային համակարգի լինել– չլինելու փաստը։ Այդ հարցի պատասխանը պետք է ակնկալել արդեն նախաքննական մարմնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իսակովի պողոտայի` երեկ հրդեհված «Դոմուս» առևտրի սրահի սեփականատերը, որպես հասարակական նշանակության գործունեություն ու միաժամանակ նաև արտադրություն իրականացնող օբյեկտ, պարտավոր էր դիմել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` հրդեհային անվտանգության նորմերի ստուգում անցնելու համար։ Բայց չի դիմել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը` միաժամանակ հավելելով, որ տվյալ դեպքում ստուգում չանցկացնելը ավելի շատ թյուրըմբռնման հետևանք է եղել։
Բանն այն է, որ, ըստ Զոհրաբյանի, շենքը, որտեղ հիմա տեղակայված է հիշյալ խանութը, վաղուց կառուցված շինություն է եղել և ժամանակին Անշարժ գույքի կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել։
«Դոմուսում» բռնկված հրդեհը լուսանկարներով
«Ավարտական ակտը տեսչական մարմինը տրամադրում է նոր կառուցված շենքերի դեպքում, որի հիման վրա շենքը իրավունք է ստանում պետական գրանցման դիմելու։ «Դոմուսի» այդ շենքն արդեն իսկ գրանցված է եղել, ու վերապրոֆիլավորվելուց, գործունեության տեսակը փոխելուց հետո չի դիմել տեսչական մարմին, որպեսզի հրդեհային անվտանգության նորմերի ստուգում իրականացվի»,– պարզաբանել է Զոհրաբյանը։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ տեսչական մարմնի շահառուների թվում 30 000–ից ավելի բարձր ռիսկայնության օբյեկտներ կան, և կառույցը ֆիզիկապես հնարավորութոյւն չունի հետևելու, թե ով ինչ գործունեության տեսակ է փոխում։
Ինչ վերաբերում է պլանային ստւգումներին, տեսչական մարմինը հդեհից հետո էլ հայտնել էր, որ 2024թ–ի տարեկան ստուգումների պլանով «Դոմուսի» առևտրային և արտադրական օբյեկտների ամբողջ ցանցում ստուգումներ նախատեսված են ս.թ. 4-րդ եռամսյակում։
«Մարզերում ունենք տարբեր հասցեներ, որտեղ արդեն իսկ ստուգումներ իրականացրել ենք։ Բայց կոնկրետ Երևանի Իսակովի 29/1 հասցեում դեռ չենք հասցրել»,– հայտնել է Ելենա Զոհրաբյանը` շեշտելով, որ ստուգման բացակայության պայմաններում տեսչական մարմին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել հրդեհված խանութում հակահրդեհային համակարգի լինել– չլինելու փաստը։ Այս հարցի պատասխանը, նրա դիտարկմամբ, արդեն պետք է ակնկալել նախաքննական մարմնից։
Հիշեցնենք, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։ Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։ Զոհեր և տուժածներ չկան. մինչ հրդեհի տարածումը բոլոր աշխատակիցներն ու այցելուները հասցրել են դուրս գալ շենքից։
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։
«Դոմուս» ընկերության վնասը, նախնական տվյալներով, կազմում է շուրջ 800 մլն դրամ։