ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:
Հիշեցնենք, որ 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 դրամին համարժեք 19 600 000 դոլար նվիրաբերեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։