«Դոմուսում» վերահսկողական գործառույթ չի իրականացվել. ՔՏՀԱ–ից ասել են` երբ պետք է դա արվեր

Դեպքի վայրում աշխատել է Փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում վերահսկողական գործառույթ չի իրականացրել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՔՏՀԱ տեսչական մարմին մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել. ավելի քան 2 ժամ անց այն մարվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել, ինչը հետագայում տարածվել է նաև խանութի տարածքում։
«Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն` այս տարվա 4–րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս» ցանցի տարբեր հասցեներ»,– նշել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ «Դոմուսում» բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել և մարվել է։ Ներկայում հետհրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Դեպքի վայրում աշխատել է Փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։