«Դոմուսում» հրդեհից տուժածների մասին դեռ տեղեկություն չկա. տեղում 14 հաշվարկ է աշխատում

Հրդեհի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է «Դոմուս» հիպերմարկետի աշխատակիցներից մեկից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ սկզբում հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, սակայն ծավալների մեծ լինելու պատճառով արդեն «Թիվ 3» կանչ է հայտարարված։
Սարգսյանը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին արդեն 14 հաշվարկ է մասնակցում։
«Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա։ Նախնական տվյալներով որևէ ինֆորմացիա չկա, թե ինչից է հրդեհը բռնկվել։ Հրդեհն այս պահին տարածվում է նաև խանութի հատվածում»,– նշեց Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով` հրդեհի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է «Դոմուս» հիպերմարկետի աշխատակիցներից մեկից։
Նարեկ Սարգսյանն ասաց` խոսակցություններ կան, թե պայթյուն է եղել հրդեհից առաջ, բայց այդ վարկածը դեռ չեն կարող հաստատել կամ հերքել։
«Դոմուսի» հրդեհն ընդգրկել է շուրջ 3000 քմ տարածք. ներսում աշխատողներ և այցելուներ չկան
Դեպքի վայրում աշխատող փրկարարները ներկա պահին կոտրում են շենքի ճակատային հատվածի ապակիները, հավանաբար պայթյունից խուսափելու համար։
Դեպքի վայր են ժամանում նաև «Երևանի աղբահանություն և սանմաքրում» ՀՈԱԿ–ի ջրցան մեքենաները։
Նշենք, որ փրկարարների աշխատանքները ղեկավարում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Հիշեցենք` հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։