Կապանի «հույն գեղեցկուհին»․ բարձունքում թաքնված Սուրբ Կատարինեն փրկության կարիք ունի

Եկեղեցին այսօր չի գործում, վթարային վիճակում է, վնասվել է երկրաշարժերից, ինչպես նաև շրջակա հանքերի բազմաթիվ պայթեցումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքի հարևանությամբ՝ Կավարտ գյուղի բարձունքում, դժվարամատչելի վայրում «հույն գեղեցկուհի» է թաքնված։ Հունական ուղղափառ Սուրբ Կատարինե եկեղեցին է, որը հայտնի է նաև որպես Սուրբ Խարալամպի եկեղեցի։
Այստեղ հասնելու համար ամենագնաց մեքենա է պետք, հակառակ դեպքում պատրաստ եղեք ճանապարհի մի մասը ոտքով հաղթահարել։
Սուրբ Կատարինեն կառուցվել է 19-րդ դարում։ Եկեղեցու պատմությունն, իրականում, սկսվում է, այսպես ասած, մի հանքի պատմությունից։
Կավարտը հայտնի է պղնձի պաշարներով։ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը շահագործել են հույն հայտնի արդյունաբերողներ Կոնդուրովները, որոնք 1853 թվականին կառուցում են Կավարտի պղնձաձուլարանը։ Այնտեղ հունական փոքրիկ համայնք արդեն եղել է։
Տեսնելով, որ հանքում աշխատանքով հնարավոր է մեծ գումարներ վաստակել՝ Կավարտի հույները կանչում են նաև իրենց բարեկամներին, համայնքը մեծանում է։ Տարբեր տեղեկություններով՝ ժամանակին Կավարտում ավելի քան 120 հույն է ապրել, աշխատել հանքերում։ Նրանց համար կառուցվել են տներ, նաև եկեղեցի։
Այդպես 1865 թվականին Սուրբ Կատարինեն կառուցում են Կոնդուրով եղբայրները․ այդպես է նշված ճակատակալ քարի շինարարական արձանագրության մեջ։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ Խարալամպը նրանց պապն է եղել։
Գմբեթավոր եկեղեցին կառուցվել է ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։
Սուրբ Կատարինեն այսօր չի գործում, վթարային վիճակում է։ Վնասվել է 1931 և 1968թթ․ երկրաշարժերից, ինչպես նաև շրջակա հանքերի բազմաթիվ պայթեցումներից։ Պատերին խորը ճաքեր են, կան փլված հատվածներ։
Ի դեպ, ասում են՝ այստեղ գանձագողերն էլ քիչ վնաս չեն հասցրել՝ փնտրելով իբր թե հույների թաքցրած առասպելական ոսկիները։
Իսկ ի՞նչ եղավ Կավարտում ապրող հույների հետ․ 1918-1920 թթ՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, հանքի շահագործումը դադարեցվեց, հույների մեծ մասն էլ հեռացավ, Սուրբ Կատարինեն էլ մնաց միայնակ ու լքված՝ սպասելով վերականգնման իր հերթին։