10 տրիլիոն զիմբաբվեական դոլար՝ «հեղուկ» կատուների և ճախրող գորտերի ֆենոմենը գտնելու համար

Երկուշաբթի օրը կսկսվի Նոբելյան մրցանակների շնորհման ամենամյա արարողությունը։
Sputnik
Իսկ նախօրեին աշխարհի ամենահայտնի բուհերից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, հանձնվեցին, այսպես կոչված, Շնոբելյան կամ Հականոբելյան մրցանակները, որոնք մոտ 35 տարի շարունակ բաժին են հասնում ամենաարտառոց կամ զավեշտական գիտական հետազոտությունների և նվաճումների հեղինակներին։ Օրինակ, 2017 թվականին ֆիզիկայի բնագավառում այդ մրցանակին արժանացավ ֆրանսիացի գիտնական Մարկ-Անտուան Ֆարդենը, որն իր ծավալուն աշխատությունում ապացուցում էր, որ կատուները կարող են գոյություն ունենալ թե′ պինդ, թե′ հեղուկ վիճակում։
Անհեթե՞թ է հնչում։ Բայց գիտնականը փաստում էր՝ կատուներն ունակ են ընդունելու այն անոթի ձևը, որում գտնվում են։ Օրինակ, դատարկ տուփում տեղավորվելով, նրանք ընդունում են այդ տուփի ձևը, իսկ եթե մտնում են լիտրանոց բանկայի մեջ, անմիջապես էլ բանկայի ձևն են ընդունում։ Սա ես կարող եմ սեփական փորձով հաստատել, որովհետև երբ մեր տան կատուները փոքր էին, սիրում էին մտնել կոշիկիս մեջ և դառնում էին ոչ թե կոշկավոր, այլ հենց կոշկաձև կատու։
Պայթող փեյջերների առեղծվածը. ո՞վ կարող է երաշխավորել, որ մի օր չեն պայթի մեր բջջայինները
Իսկ մենք բոլորս դեռ դպրոցից գիտենք, թե ինչով է պինդ մարմինը տարբերվում հեղուկից։ Շատ ճիշտ եք՝ պինդ մարմինն ունի միանգամայն որոշակի ծավալ և միանգամայն որոշակի ձև, իսկ հեղուկն ունի որոշակի ծավալ, բայց որոշակի ձև չունի։ Նույն կես լիտր օղին շշի մեջ մի ձև ունի, փորձանոթի մեջ՝ մեկ այլ ձև, իսկ եթե հարբած վիճակում հատակին թափեք, ոչինչ, իհարկե, խեր լինի, բայց տնային ջրափոսի նման մի բան կունենաք։
Եվ Մարկ-Անտուան Ֆարդենն իր գիտական հետազոտության մեջ հիմնավորում է՝ եթե կատուն հատակին փռվում է գեղեցիկ կարպետի պես, տուփում քառակուսի է դառնում, իսկ թթվի բանկայում ընդունում է դրա ձևը, ուրեմն կատվին կարելի է մի կողմից պինդ մարմին համարել, մյուս կողմից՝ հեղուկ։ Տրամաբանակա՞ն է։ Տրամաբանական է։
Ի դեպ, Հականոբելյան մրցանակների դափնեկիրներն էլ են դրամական պարգև ստանում՝ 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։ Հետո՞ ինչ, որ դա ընդամենը 4 հազար հայկական դրամ է կազմում։ Կարող եք բոլորին պատմել, որ Հայաստանի առաջին տրիլիոնատերն եք։ Նույնիսկ մուլտիտրիլիոնատերը։ Մեդալ էլ կստանաք։ Ճիշտ է, այն հասարակ ֆոլգայից՝ փայլաթիթեղից է, բայց ո՞վ կարող է բացառել, որ հետագայում դուք նաև Նոբելյան ոսկե մեդալ չեք ստանա։ Համենայնդեպս, մինչև այժմ առնվազն մի այդպիսի դեպք եղել է։
2000 թվականին ռուսական ծագումով գիտնական Անդրեյ Գեյմը, որը ներկայացնում է Նիդեռլանդները, և բրիտանացի սըր Մայքլ Բերրին ապացուցեցին, որ գորտերը կարող են ճախրել օդում՝ հաղթահարելով Երկրի ձգողականությունը։ Եվ խոսքը ոչ միայն գորտերի մասին է։ Երկու գիտնականները ցուցադրեցին, թե ինչպես են օդում լողում ջրի կաթիլն ու անտառային ընկույզը։ Առանձնապես մի մեծ գաղտնիք էլ չկար՝ գորտի կողքին հզոր էլեկտրամագնիս էր տեղադրվում, որի ազդեցության տակ, այսպես ասած, «մագնիսանում էր» նաև գորտը։ Եվ քանզի երկու մագնիսների բևեռները, ինչպես գիտեք, վանում են միմյանց, գորտն էլ օդ էր բարձրանում ու ճախրում խորհրդային հայտնի մուլտֆիլմի ճանապարհորդ հերոսուհու նման։ Թռչող գորտը Անդրեյ Գեյմին Հականոբելյան մրցանակ բերեց, իսկ տասը տարի անց նա նաև Նոբելյան մրցանակ ստացավ գրաֆենի՝ եզակի հատկություններով օժտված նյութի հայտնագործման համար։
Եթե փորձեմ հիմա թվարկել բոլոր այն զավեշտալի հայտնագործությունները, որոնց հեղինակները Հականոբելյան մրցանակների են արժանացել, երևի մինչև վաղը չեմ ավարտի։ Բավական է նշել միայն, որ ուղիղ 15 տարի առաջ այդ պարգևը բաժին հասավ Չիկագոյի համալսարանի մի խումբ գիտնականների, որոնց բազմամյա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել էր կրծկալ, որը երկու հակագազերի էր վերածվում։ Լավ, մեկը հասկացանք, բա մյո՞ւսն ում համար է՝ կարելի է միայն ենթադրություններ անել։
Իսկ 2016 թվականին կանադական համալսարաններից մեկի գիտաշխատող Գորդոն Փեննիքուքը իր գործընկերների հետ հրապարակեց մի գիտական համատեղ հետազոտություն, որի հիմնական եզրակացությունը սա էր՝ սոցիալական ցանցերի այն օգտատերերը, որոնք իրենց էջերում անընդհատ մեջբերումներ են տեղադրում հայտնի մարդկանցից՝ բնապատկերների ֆոնի վրա, սովորաբար բավական ցածր մտավոր կարողությունների տեր մարդիկ են։ Չգիտեմ՝ որքանով է հիմնավոր այս եզրահանգումը, բայց ես այլևս ոչ մի բնանկար չեմ դնում սոցցանցում և մեջբերում եմ միայն մեր ղեկավարների իմաստուն խոսքերը։
Հոգսաշատ Ռյուտտեն. ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը հեծանվով զբոսնելու ժամանակ չի ունենա Բրյուսելում
Այս տարի Շնոբելյան մրցանակի դափնեկիրների թվում է ավստրալացի Սոլ Նյումենը, որը տասնամյա հետազոտության արդյունքում եզրակացրել է, որ մարդիկ, որոնք բնակվում են աշխարհի այսպես կոչված «երկնագույն գոտիներում»՝ ճապոնական Օկինավայում, հունական Իկարիայում, Կոստա Ռիկայի Նիկոյայում և աչքի են ընկնում երկարակեցությամբ, հակառակ տարածված կարծիքի, ամենևին էլ առողջ կյանքով չեն ապրում՝ վատ են սնվում և շատ են խմում։ Բայց կա մի ընդհանրություն, որը Նյումենը չի ժխտում՝ այդ բոլոր վայրերի բնակիչները նախընտրում են դդումից պատրաստված կերակուրները։ Այնպես որ՝ եթե ուզում եք Ջիմի Քարթերի նման նշել ձեր հարյուրամյակը, ղափամա կերեք։