Բազմաթիվ դրական տեղաշարժեր են եղել. Բադասյանը` Մինասյանի պաշտոնավարման ընթացքի մասին

Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ իր դեմ էլ պաշտոնանկ անելու ստորագրահավաք կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարծում է, որ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարատատության ոլորտում բազմբաթիվ դրական տեղաշարժեր են եղել։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Արդարադատության նախարարը պետք է քաղաքական թիմից լինի․ Արփի Դավոյան
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ–ական որոշ պատգամավորներ որոշեցին ստորագրահավաք սկսել նրա դեմ` Բադասյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իրավասու եմ որևէ կերպ մեկնաբանել ՔՊ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը»։
Միևնույն ժամանակ, Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ իր դեմ էլ նման ստորագրահավաք կլինի։
«Եթե պագամավորները դժգոհ են լինում որևէ մեկի աշխատանքից, միշտ ասում են դրա մասին, քննարկումներ են տեղի ունենում։ Ես մտավախություն չունեմ, ո՛չ»,– ասաց նա։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարականի մասին հայտարարեց արդեն ինքը՝ Գրիգոր Մինասյանը։