Ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի անօրինական ներմուծման փորձ է կանխվել. ՊԵԿ

ՀՀ քաղաքացին անօրինական ճանապարհով ապրանքը փորձել է ներմուծել ԱՄԷ–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է անօրինական ճանապարհով ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Դուբայ-Երևան չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերվել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ քաշով, ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր, ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ:
«Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե։
ՊԵԿ-ը 3 ամսում հայտնաբերել է 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն