ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Եթե անգամ փողոցում մնա մեկ մարդ, պայքարը շարունակվելու է։ Այս մասին այսօր նախատեսված հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Բագրատ սրբազանը` պատասխանելով հարցին, թե ինչ են անելու, եթե շատ մարդ չհավաքվի հրապարակում։
Անդրադառնալով իշխանությունների տարատեսակ մեկնաբանություններին «Սրբազան պայքարի» վերաբերյալ` Բագրատ սրբազանը ասաց. «Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, իսկ իրենք ծնվել են փողոցում, հոգեպես էլ մնացել են փողոցում։ Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի։ Իրենք ավելի լավ է իրենց տերերին պատասխան տան` Ալիևին, Էրդողանին»։
Նա վստահեցրեց, որ շարժման անդամները պատրաստ են, վճռական են ու հասցնելու են այս ամբողջը տրամաբանական եզրահանգման։
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։ Սեպտեմբերի 22–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի ակտիվ շրջանը կվերսկսվի և որպես առաջին քայլ` կլինի հոկտեմբերի 2–ի հանրահավաք։