Սիսիանի բնակիչն Իրանի քաղաքացուց 10 կգ թմրամիջոց է ձեռք բերել ու տեղակայել թաքստոցներում

Ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի իրավապահ մարմիններն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որը տեղադրել է Արարատի մարզում գտնվող տարբեր թաքստոցներում։
Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել բեռնատարով Իրանից Հայաստան շինարարական ապրանքներ տեղափոխող Սիսիանի վերոհիշյալ բնակչի հետ։ Նրան առաջարկել է գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան։ Տղամարդը համաձայնել է առաջարկին։ Ապա Իրանի քաղաքացին նրան հայտնել է Մեղրիի հարակից տարածքում թմրամիջոցների գտնվելու վայրի մասին և հրահանգել դրանք տեղակայել իր կողմից մատնանշված թաքստոցներում, լուսանկարել և ուղարկել իրեն:
Սիսիանի բնակիչը թմրամիջոցները տեղափոխել է Արարատի մարզ և տեղադրել Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրից մինչև Երասխ ընկած հատվածի տարբեր թաքստոցներում, ուղարկել կոորդինատները և լուսանկարները։ Իրանի քաղաքացին էլ իր հերթին դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից վերցնեին թմրամիջոցները։
Սեպտեմբերի 22-ին Սիսիանի բնակիչը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ձերբակալվել են նաև թմրամիջոցը թաքստոցներից ձեռք բերելու փորձ կատարող 7 անձինք:
Կատարվել են անձնական, բնակարանների, ավտոմեքենաների, ինչպես նաև թվային խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 10 կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։
Փորձագիտական նախնական եզրակացության համաձայն՝ դրանք եղել են «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։
Երևանի բնակչի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
Սիսիան քաղաքի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությյունը), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը):
Դատարանը ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։