ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի դպրոցներից մեկում անհայտ հանգամանքներում աստիճաններից ընկած 10-ամյա Էլեն Շ.–ն գիտակցության չգալով` մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի «Սուբր Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։
«Նախնական ախտորոշմամբ երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ (թոքերի արհեստական շնչառություն) վիճակ` ինչն էլ դարձել է մահվան պատճառ»,– հայտնեցին հիվանդանոցից:
Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո:
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում։ Երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց չի վերադարձել։ Նրան ընկած տեսել է դպրոցի աշակերտներից մեկը։ Ըստ տնօրենի` ամենայն հավանականությամբ երեխան ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։
Աշակերտուհին միջադեպից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վեդի» ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Աղջիկն 9 օր կոմայի մեջ էր. նա շնչում էր ապարատներով։