ՀՀ նախագահը, ԱԺ խոսնակը և կառավարության անդամները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում

Չորս տարի առաջ այս օրը ռազմական գործողություններ սկսվեցին Արցախում, որոնց հետևանքով զոհվեց 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորած է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարարը և կառավարության մյուս անդամները առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի 44–օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դա իր համար շատ զգացմունքային թեմա է, և իր համար դժվար է խոսել այդ մասին:
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44–օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ Եռաբլուրը մի վայր է, որը պետք է հիշեցնի ավելի ուժեղ բանակի և պետականության անհրաժեշտության մասին:
«Այսօր խորհրդանշական օր է, սակայն ուզում եմ ասել, որ տարվա ընթացքում Եռաբլուր հաճախ եմ այցելում»,– ավելացրեց նա:
Նրանցից առանձին Եռաբլուր այցելեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի այլ ներկայացուցիչներ, այդ թվում` Արցախի Դադիվանքի նախկին վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: ՀՀ իշխանությունների հետ որևէ համագործակցության բացակայության պատճառով նույնիսկ այս ողբերգական օրը Արցախի պատվիրակությունն առանձին էր եկել Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին, Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մասնակցեցին պատարագի։
Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ–ների լայնածավալ կիրառմամբ սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ի առավոտյան: Մարտական գործողությունները տևել են 44 օր։ Պաշտոնական տվյալներով՝ 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորել է։ Նոյեմբերի 9–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան յոթ շրջան (Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր։
Երեք տարի անց` իննամսյա շրջափակման ֆոնին, տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի նոր հարձակում, և Լեռնային Ղարաբաղի մնացած բնակչությունը 2023 թվականի սեպտեմբերին ստիպված եղավ լքել իրենց տները։
Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է խութերը վերացնել. Մհեր Գրիգորյան