Վրաց–հայկական սահմանին 700 բեռնատար չի սպասում. ՊԵԿ–ը հերքում է տարածվող լուրերը

Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հերքում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատար է կուտակված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշել են, որ համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վրաց–հայկական սահմանին 500 բեռնատար չի սպասում և նմանատիպ խնդիր չկա։ Նրա խոսքով` առևտրաշրջանառությունը մեծանում է և պետք է ենթակառուցվածքները շարունակաբար մեծանան և՛ հայ–վրացական, և ռուս–վրացական սահմաններին։