ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1–ին հարկի տարածքը կտրամադրվի Ֆրանսիական ինստիտուտին` 10 տարի ժամկետով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել նրանց։
«Ֆրանս–հայկական համագործակցության այս խոշոր նախագիծը զարգանալու և աշխատաշուկայի պահանջներին հայ երիտասարդների համապատասխանելու համար պետք է նոր, առավել ընդարձակ և լավագույնս հարմարեցված տարածք»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Այդ պատճառով ՀՀ ԿԳՄՍՆ–ն առաջարկով ԵԹԿՊԻ 1–ին հարկից 546.8 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ֆրանսիական ինստիտուտին։ Նախարարությունից նշել են, որ անհրաժեշտության դեպքում ԵԹԿՊԻ անձնակազմը և ուսանողները կարող են ազատ տեղաշարժվել նշված տարածքում։
Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտում այդ նոր տարածքում կհիմնվի լեզվի կենտրոն, որտեղ կանցկացվեն ֆրանսերենի դասընթացներ, նաև կգործի Campus France և ուսումնառություն Ֆրանսիայում ծառայությունը` բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում շարունակել ցանկացող հայ ուսանողների համար տեղեկատվության, ռեսուրսների և անհատականացված աջակցության կենտրոնը։