ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2025 թվականի պետական բյուջեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով` 2025 թվականին ՀՆԱ–ն կանխատեսվում է 11 տրլն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5.6 տոկոս, ՀՆԱ–ի դեֆլյատորը` 3.5 տոկոս, միջին գնաճը` 3.5 տոկոս։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873 մլրդ դրամ, որոնցից հարկային եկամուտները` 2 տրլն 760 մլրդ դրամ։
«Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով` 733 մլրդ դրամ։ Ընդ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում` տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար»,– ընդգծեց նախարարը։
Նա նշեց, որ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ–ում կհասնի 6.6 տոկոսի, պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5 տոկոս։
Նախարար Հովհաննիսյանն ավելացրեց` ակնկալվում է, որ կապահովվի հարկեր–ՀՆԱ հարաբերակցության բարելավում 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 0.1 տոկոսային կետով` հասնելով կառավարության ծրագրով սահմանված թիրախային 25 տոկոոսին։
Հովհաննիսյանի խոսքով` 2025 թվականի պետական բյուջեի նախագծում իրականացվել են լավարկումներ և առաջին հերթին դա վերաբերում է կապիտալ ծախսերի` հաջորդ տարիներ տեղափոխմանը։
«Այսպիսով, ՀՀ կառավարությանը թույլատրվում է 2025 թվականի պետական բյուջեի փաստացի ձևավորված ազատ միջոցների հաշվին ֆինանսավորել 2024 թվականին ստանձված, սակայն չիրականացված պայմանագրային պարտավորությունները։ Հաջորդ կետը վերաբերում է բազմամյա պարտավորություններին, որոնք եթե ունեն հստակ սահմանված վերջնաժամկետ, դրանք ևս կիրականացվեն 2025 թվականին»,– ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ նրա, 2025–27 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանվում են մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները։ Այս նորամուծությամբ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի 2 տարվա միջնաժամկետ վերանայված ծախսային շրջանակը։
Ի դեպ, երկրի գլխավոր փաստաթղթի ներկայացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր, նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։